Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ես իմն ասացի, հետո չասեք. «Դավիթ գող-գող եկավ, գնաց»

Ես իմն ասացի, հետո չասեք. «Դավիթ  գող-գող եկավ, գնաց»
04.07.2014 | 11:37

Չնայած գոյության առաջին օրվանից «Իրատես de facto»-ն լույս է տեսնում բացառապես երեքշաբթի և ուրբաթ, այդուհանդերձ, պարտավորված եմ խորին շնորհակալությունս հայտնելու խմբագրակազմին, որ այս համարով գոնե երկու օրվա հնարավորություն տվեց քիչ թե շատ հանգիստ աշխատանքային ռեժիմով, ինֆորմատիվից փոքր-ինչ վերլուծություն հիշեցնող նյութով (մի քիչ էլ մենք մեծամտենք) անդրադառնալու աշխարհի առաջնությանը:

ԼՈՒՅՍ ԻՋՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԻԴ, ՋԻՎԱՆԻ
Այս համընկնման հետ խմբագրակազմն ինչ կապ ունի՞: Մի ասեք, մի ասեք ու երբեք մի եղեք այդքան ծայրահեղական. ատյաններ կան, այդ թվում՝ անձինք, որոնք, ովքերախառն, կարող են միամիտ հարցերի համար խոսքի մեջ ներքաշվել առանց հրավերի ու դաժանորեն պատժել, ինչպես հիմար խաղադրույքների, անխոհեմ, անգրագետ հաշվարկների համար ժողովրդական լայն զանգվածների հետ պատժիչ-դաստիարակչական աշխատանք են տանում վիվարոներն ու տոտոները: Ընդ որում (վերջիններիս նկատի ունեմ), հաշվի առեք, պատժում են առանց խտրականության՝ չտարբերելով հարուստ ու աղքատ, հավասարապես մտնելով երկուսի գրպանը: Իսկ դուք ասում եք, թե չկա հավասարություն, չկա դեմոկրատիա, անգիտակցաբար դժգոհում եք գազի, էլեկտրաէներգիայի թանկացումներից, պարտադրված կարմիր գծերից, ձեր բարեկեցության բարձրացմանն ուղղված իշխանությունների ողջամիտ այսօրինակ բազմաթիվ քայլերից: Բա եղա՞վ: Լույս իջնի գերեզմանիդ, Ջիվանի, էն ի՜նչ լավ էիր ասում՝ խելքի աշեցեք:
Սակայն որպեսզի միամտաբար չկարծեք, թե Ջիվանու ասածը միայն վերին պարբերության մեջ տեղ գտածին է առնչվում, այն հավասարապես տարածենք ստորևի վրա ու հարցնենք՝ մտածում էիք՝ Չիլին ով է, որ Բրազիլիան իննսուն րոպեի ընթացքում գոնե մի գոլ չխփի՞: Կամ՝ Ալժիրն ով է, որ Գերմանիան… Հիմա ի՞նչ եք ուզում ինձնից. հերթով թվարկեմ մեկ ութերորդում ութից նման ցուցանիշ արձանագրած բոլոր հինգ զույգի՞ն: Է, հիշողության պրոբլեմ ունեք, դիմեք բժշկի օգնությանը: Իմ մեղքը ո՞րն է: Ախր մեծ ցանկության պարագայում անգամ ես ատամնաբույժ չեմ կարող լինել, ուր մնաց՝ բժիշկ, թեև տվյալ դեպքի համար այս սուրբ մասնագիտության մարդկանցից որակյալ բուժում կարող են ապահովել միայն հոգեբույժները:
Հիմա եղածից դառնացած եք, թե ոչ, ֆուտբոլն ատում եք, թե միամտորեն գժի պես շարունակում եք սիրել, փաստը մնում է փաստ, որ մեկ քառորդում իրար թրատելու են հետևյալ զույգերը՝ Բրազիլիան ու Կոլումբիան, Գերմանիան ու Ֆրանսիան, Հոլանդիան ու Կոստա Ռիկան, Արգենտինան ու Բելգիան: Այլ պարագայում չէինք անի, բայց ընթերցողի նկատմամբ ջերմ սիրուց ելնելով՝ փորձենք յուրաքանչյուրին անդրադառնալ առանձին: Այսպես, մեկ էլ տեսար, ինչ-որ մեկին փրկեցինք տունը վաճառքի հանելուց կամ կնոջը հորանց տուն ուղարկելուց:
Ինչու կնոջն ու ոչ մարդո՞ւն:
Այ քեզ բա՜ն: Եթե մինչև հիմա չգիտեք, որ ամեն ինչում կանայք են մեղավոր, ես ինչո՞ւ եմ զուր տեղը ջուր ծեծում: Հա, ջուր ասացի՝ հիշեցի. «Երևանջուրն» այս տարի մեր հորենական տան, սակայն իրենց տնօրինմանն անցած ջուրը չի թանկացնելու (տեսաք, որ մեր օրերի մեջ սփոփիչ բան էլ կա):

ԲՐԱԶԻԼԻԱ-ԿՈԼՈՒՄԲԻԱ
Հարկավ գիտեք, որ բրազիլացիներն աշխարհի հնգակի չեմպիոն են, առաջնությունն իրենց մոտ է անցկացվում, իսկ տան պատերն օգնում են: Դիտարկվող կտրվածքով առաջինն ու երկրորդը անառարկելի փաստ են, երրորդը՝ կիսափաստ, որովհետև տան պատերը որքան օգնելու, նույնքան էլ խանգարելու «շնորհք» ունեն: Բրազիլացիները, ըստ իս, համոզիչ են եղել միայն երկու խաղում, իսկ քանի որ երկուսը չորսի ուղիղ կեսն է, ասել է թե՝ հուսալի են հիսուն տոկոսով: Նրանց խաղում առայսօր զգացվում են ներքին լարվածությունը, կիսապաշտպանական գծի մտածողության դանդաղկոտությունը: Հիմա թե Կոլումբիայի արագ, տեխնիկապես գրագետ, ագրեսիվ հավաքականը որքան կօգտվի այս շահեկանությունից (գումարած բրազիլացիների պաշտպանվել չսիրող եզրայինների հանգամանքը), դժվարանում եմ հստակ պատասխանել, բայց որ պարտությունից կորցնելու ավելի շատ բան ունի հենց Բրազիլիան ու ոչ թե Կոլումբիան, ինչը նրան ձերբազատում է հոգեբանական շատ կաշկանդիչներից, այս մեկը հաստատ եմ ասում: Այնպես որ ընտրությունը ձերն է, լրացուցիչ այլ խորհուրդների կտրվածքով ես՝ փաս, թեպետ մի բան էլ ասեմ ու նոր վերջնականապես անցնեմ ասածիս՝ հրաշալի աջի հետ նույնքան հրաշալի ձախ ու փայլուն գլուխ ունեցող (նկատի ունեցեք, որ սրանք հիշատակում եմ ոչ որպես մարմնի մասեր) Խամես Ռոդրիգեսը ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է, թե՞ ոչ:

ԳԵՐՄԱՆԻԱ-ՖՐԱՆՍԻԱ
Անցյալն ու հատկապես «Աշխարհ-82»-ն ու «Աշխարհ-86»-ը նկատի ունենալով՝ հանկարծ կուրություն չիջնի ձեր մտքին ու բանականությանը, ու առանձնապես շատ մի ոգևորվեք, որ երկրի նախագահի համակրանքը Գերմանիայի հավաքականի կողմն է: Նախագահը, իհարկե, փաստարկ է, սակայն նրա համակրանքների ու հակակրանքների կտրվածքով, թող ներվի բարձրաձայնելը, տարաձայնություններ ունեմ: Ի դեպ, օգտվելով առիթից, նախագահին պաշտոնապես հրավիրում եմ մեր տուն: Կնստենք, կզրուցենք, մի բաժակ թեյ կամ սուրճ կխմենք (չիմանաք թե ուրիշ բաներ չունեմ), համ էլ կտեսնի ինչպես է ապրում իր ղեկավարած երկրի քաղաքացին, ով իր ներքին մեծ դիմադրողականի շնորհիվ դեռևս աղքատության սահմանագծին չի հասել: Իր ասելով՝ նկատի ունեմ ինձ: Համ էլ մասսաների հետ երես առ երես շփվելը չի խանգարի:
Հա, ինչևէ, շատ չշեղվեմ բուն թեմայից: Գերմանիան լավն է հարկավ, բայց ի՞նչ եք մտածում. բա որ ֆրանսիացիների ջահել, ագրեսիվ միջին օղակը, գումարած հարձակման գծի արագ տղաներին, հանկարծ վերցրեց ու քրքրեց նրա՞ն: Սույնը նկատի առե՞լ եք ձեր հաշվարկներում, թե նորից վիվարո եք պարացնելու: Եվ հետո ինչո՞ւ եք կարծում, թե ֆրանսիացիներն ավելի շատ չեն դաստիարակվել «Աշխարհ-96»-ի ոգով: Թե՞ կարծում եք՝ 82-ն ու 86-ը ժամանակային առումով 96-ից ավելի մոտ իրողություններ են:


ՀՈԼԱՆԴԻԱ-ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
Շատերի միամիտ պատկերացմամբ՝ այս զույգը մեկ քառորդի ամենաթույլ օղակն է: Եթե, հարգելի կոնկրետ ընթերցող, դու էլ ես այդ կարծիքին, իմ վաղաժամ ցավակցությունները քեզ: Հոլանդիան, իհարկե, ունի փայլուն մարզավիճակում գտնվող Արիեն Ռոբեն, վան Պերսի, բարձրակարգ այլ ֆուտբոլիստներ, սակայն, ի՞նչ եք կարծում, Կոստա Ռիկան թույլ էր ու իր թույլ հալով է՞ եկել-հասել մեկ քառորդ: Համ էլ՝ «պատալոկ» (ներողություն սլենգիս համար) հոլանդացիները մեկ քառորդից էն կողմ էդ քանի՞ անգամ են անցել, որ, խիարը չտեսած, աղն առել, վազում եք: Ի՞նչ է, Սայաթ-Նովա չեք կարդացե՞լ: Էն, որ ասում էր՝ «մե քիչ կամաց գնա, գոզալ», գիտեք մենակ Աննային նկատի ունե՞ր: Բարեկամաբար նրբորեն նկատեմ, որ Աննային հղում անելով՝ Սայաթը երևո՛ւյթը նկատի ուներ առհասարակ: Հիմա շատ էլ թե իրենց կողմնորոշումով հոլանդացիներն ավելի շատ Աննա սեռի կողմն են ձգում, բայց սա ֆուտբոլ է՝ ֆո՛ւտ-բո՜լ, ինչպես կասեր «01-99»-ի հերոսուհին: Բան չունեմ ասելու՝ ճիշտ է, կոստառիկացիները հոլանդացիների պես ամեն օր Իշտոյան չեն տեսնում, բայց հիշեք, թե ինչ թիմերի մամա են լացացրել այս առաջնությունում ու հետո ինչ, որ առաջին անգամ են փլեյ օֆում: Որ շատ հեռու չգնաք, կարող եք դառնալ ու ձեր կողակցից հավաստիանալ՝ ինչ-որ բանը բոլոր ժամանակներում միշտ էլ առաջին անգամ է լինում:
Ինչու եմ ամեն ինչ այսպես առարկայական, թափանցիկ օրինակներո՞վ ասում: Որովհետև վախենում եմ ձեր հնարավոր սխալվելուց, իսկ մենք, հարգելի ընթերցող, թեպետ մի տնից չենք, գերազանցապես նույն հալից ենք (հա, երկրի նախագահին արած հրավերս մնում է ուժի մեջ. ասացի, որ էնքան էլ վատ չեմ ապրում ու, տուն է, ոնց էլ լինի, հյուրասիրելու մի բան կգտնվի, վա՜յ):

ԱՐԳԵՆՏԻՆԱ-ԲԵԼԳԻԱ
Հարցականներն այստեղ ոչ թե շատ են, այլ չափից ավելի շատ են: Այո, Արգենտինան Մեսիի նման գանձ ունի (շվեյցարացիներին հաղթական գոլը խփած դի Մարիայի անունը մոտս չտաք. Լեոյի այդ փոխանցումից հետո մեռած պապս էլ դարպասը կգրավեր), առաջին անգամ է, որ աշխարհի առաջնություններում չորս խաղ անընդմեջ հաղթում է, բայց լոռեցու նմանակությամբ ուզում եմ ասել՝ վախիլ տեմ: Ախր Բելգիան ունի երիտասարդ, ամբիցիոզ, արագաշարժ, տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստներ, ու նրանք մեկը չեն, երկուսը չեն, մի օղակում չեն, երկու օղակում չեն, էլ չեմ ասում դարպասը կողպած Կուրտուայի մասին: Հա, ու քանի որ նրան հիշեցի, ասեմ, որ այս առաջնությունում դարպասապահները ցնցող խաղ են ցուցադրում: Որ մեկին չհիշես՝ մի խաղում տասնհինգ սեյվ արած (համաշխարհային ռեկորդ է) Հովարդի՞ն, Լյորիսի՞ն, Նավասի՞ն, Բրավոյի՞ն, Սեզարի՞ն, Ասպինայի՞ն, Օչոայի՞ն… Ընդհանրապես տպավորություն է, որ սա դարպասապահների առաջնություն է, ու սրանում չափազանցություն չկա: Աշխարհի և ոչ մի առաջնություն չի ունեցել այսքան թվով փայլուն դարպասապահ:

Հարգելի ընթերցող, ինչպես տեսնում ես, խոսքից խոսք է բացվում ու որքան էլ խուսափես, առանց միջանկյալի մի բանի մասին անհնար է խոսել ու գուցե թե նաև սրա մեջ է աշխարհի այս առաջնության հմայքը, որն ապշեցնում է իր մթնոլորտով, ահռելի դրական էներգետիկայով: Ի դեմս ֆուտբոլի, աշխարհն իսկապես տոն է անում՝ մոռացության կամ գրեթե մոռացության մատնելով շատուշատ ցավագին զարգացումներ, իրողություններ: Եվ պատկերացրեք, որ առանձնապես մեծ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ սա կյանքն է:
Գրելու, կիսելու շատ բան կա, սակայն չգիտեմ խոսքս ինչով ավարտեմ: ՈՒ գուցե թե լավն էլ սա՞ է: Մխիթարվենք նրանով, որ երբեք ու ոչ մեկին չի հաջողվել գրկել անգրկելին: Սակայն որպեսզի վերջնականապես չարացրած չլինեք մարդկության լավագույն կեսին, մասնավորապես նկատի ունեմ մեր կանանց, ուզում եմ ձեր բոլորի անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նրանց, որ օձի խելք ունեն ու հասկանում են, որ եթե էկրանի առաջ նստած ես ու ամբողջովին ֆուտբոլի մեջ, պիտի իրենց բարեմասնություններով հեռուստացույցը չփակեն (դրա տեղն ու ժամանակը կա, իսկ թե սիրած թիմի հետ ամեն ինչ հաջող եղավ, համապատասխան վերաբերմունքն էլ հո կլինի ու կլինի), հիմար պահանջներ չներկայացնեն, հարևանի կնոջ նոր տաբատից չխոսեն (հեյ վա՜խ անցյալի գիրկ վերջնականապես անցնող ու կնոջ կանացիությունը հիշեցնող շրջազգեստ)։ Ո՞ր մեկն ասեմ: Տեսնում ե՞ք, որ նոր թեմա է բացվում: ՈՒստի, վերջնականապես չխրվելու համար, եկեք այսօր այսքանով բավարարվենք՝ միայն ավելացնելով, որ այսօր արդեն Բրազիլիա-Կոլումբիա, Գերմանիա-Ֆրանսիա խաղերն են, ու աշխարհի չեմպիոն թիմերից առնվազն մեկն էլ կվերածվի հանդիսատեսի: Իմ ցանկությունն է, որ այդ առնվազն մեկը ձեր երկրպագածը չլինի:
Մնանք հաճելիի սպասումով:


Ձեր՝ Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ